ՍՈՒՐԷՆ ԴԱՆԻԷԼԵԱՆ
Հալէպի «Ոսկետառ» տպարանից «Այգ» մատենաշարով լոյս տեսաւ Լեւոն Շառոյեանի «Դեգերումներ հայ գիրի եւ պատմութեան գետեզրին» աշխատութիւնը, որը զոյգ նախաբաններով լաւագոյնս արժեւորել են Բերիոյ թեմի առաջնորդ Շահան արք. Սարգիսեանը եւ Պոլսոյ «Մարմարա»-ի խմբագրապետ Ռոպէր Հատտէճեանը:
Անխառն զարմանք եւ հիացում ենք ապրում. քաղաքական արիւնամած զարգացումներին կուլ գնացած այդ հինաւուրց քաղաքում, ուր թւում էր, այլեւս ազգային հետք գտնելը հրաշքի հաւասարազօր է լինելու, այսօր պարզում ենք, որ, այնուամենայնիւ, այն շնչում է, պարզում ենք, այնտեղ դեռ կարելի է շրջել, աւելի՛ն, կարելի է «դեգերել», որը պիտի հասկանալ գրական դասական պտոյտների խորհրդով, ինչը արեւմտահայ լայնարձակ ածուներում հիմնաւորապէս, իբրեւ ենթաժանր, ամրագրել են Յակոբ Պարոնեանը, Երուանդ Օտեանը, Ռոպէր Հատտէճեանը, Պետրոս Հաճեանը եւ շատ ուրիշներ:
«Դեգերումները…» Լեւոն Շառոյեանի երրորդ գիրքն է: Առաջինը («Յաւերժօրէն սիրելի «մերին Պոլիսը», Պոլիս, 2003) նոյնպէս իւրատեսակ «դեգերում մըն էր», բայց` ի Պոլիս, որի նորօրեայ դիմագիծը, գրապատմական ծաւալումները հեղինակը բացել է էգիտական կարգապահութեանը հաւատարիմ, բայց յուզախառն սիրով ու խոնարհումով` դէպի արեւմտահայ գրամշակութային քաղաքամայրը: Երկրորդ «դեգերումը» հեղինակին տարել հասցրել է Արժանթին. «Պուէնոս Այրես, Արմենիա փողոց» գրքի մէջ (2014) նա ներկայացնում է հարաւամերիկեան գաղթօճախի հեւքն ու նահանջը, հայրենասիրութեան անխարդախ զգացումները ու մարմրող տագնապները` կրթական ու գրական շիջող նուաճումների խորքի վրայ:
Այս նոր գիրքը, ի տարբերութիւն նախորդ երկուսի «աշխարհագրական» առարկայական մատուցման պատուհանի, առանձնանում է գրամշակութային գիտական համակարգուածութեամբ, շահագրգռութիւններով. «դէպի գրաշխարհի ներքին խորքը «դեգերումով», նոր ոճային իմաստաւորումով, որոնք կարելի է «թարգմանել» դրուագումների նշանակութեամբ նաեւ: Գրապատմական քսանինը նկարագրերի ուշագրաւ ու նպատակային խտացում ենք տեսնում այստեղ: Մեր աչքի առջեւ սահում-անցնում են 19-ից 20-րդ դար ձգուող արեւմտահայ նուիրեալ դէմքերը ամենատարբեր քննական լուսարձակների ներքոյ. ահա՛ խնդրեմ միայն մի քանիսը` Սերվիչենն ու Տիգրան Փեշտիմալճեանը` գրապատմական կենսագրականների ոճային հարստութեամբ առանձնացող բնութագրումներով, Վազգէն Շուշանեանը` իր մահուան «առագաստների» անգերեզման առեղծուածով, Յակոբ Մարթայեանը` լեզուամշակութային շերտերի որոշ առումով հպանցիկ, բայց ճշմարիտ, անակնկալ, բայց շնորհալի մատուցմամբ, Կարօ Փօլատեանն ու Զարեհ Որբունին, Պօղոս Սնապեանը գրական միջավայրերի` մինչեւ Յակոբ Օշական եւ էկզիստենցիալիզմ` բացայայտման ընդարձակ ու անհրաժեշտ լուսաբանումներով, փարիզեան «Յառաջ»-ի անխոնջ մշակ Միսաքեանների զարմի վերջին շառաւիղը` Արփիկը, որը լրագրական-գրական փորձառութեամբ վերակազմեց սփիւռքահայ գրական հրաշալի ողնաշարը` պատուոյ բարձր աթոռը վերապահելով Շահան Շահնուրին:
Հսկայական գրամշակութային քննական այս պաշարից մենք ընտրել ենք միայն մի քանիսը, որոնք գրախօսութեան եւ ուսումնասիրութեան սահմանագծում ներկայացնում են Լեւոն Շառոյեանի գիտական մտածողութեան ուղղութիւնը եւ գրապատմական որոնումների արդիւնաւորութիւնը:
Գրախօսականների եւ գրամշակութային հարցադրումների պատմական ակնարկների ժանրերը ինքնատիպ են կառուցողական ներքին տրամաբանութեամբ: Դրանք յաճախ աննիւթեղէն սրտի խօսք են, նիւթի կամ գրական երկի հանդէպ համակրանքի դրսեւորման եղանակ: Ուշադիր աչքը այստեղ որսում է դէպի այս կամ այն հեղինակը անխառն հիացում եւ գիտական շերտերի շահագրգիռ մեկնութեան ազնիւ փորձ:
Լ. Շառոյեանի պարագային, գրական խնդիրների համընդհանուր տնտեսութեան խնամքը դառնում է գերիվեր, քանի որ ուշադրութեան սեւեռուն կենտրոնում արեւմտահայ գրամշակութային ուրուանկարն է` նրա անցեալի ու ներկայի համադրման հետեւողական ջանքը, գրական շրջանների ու կապերի միջեւ մեր յիշատակած անտեսանելի հանգոյցների կառուցումը, որը, մեր կարծիքով, միտումի ծնունդ է, քանի որ գրականութեան պատմութեան ընթացքը գրագէտի համար անվախճան գետ է, իսկ ուսումնասիրողն ու մեկնաբանը` գետեզրին կանգնած ու «վազող ջրին» նայող, հայեցող իմաստասէրը: Գրականութիւնը «Տիրոջը այգին է», ուր «դեգերումը» ներքին հարստացման ուղիղ ճանապարհն է` Բենիամին Թաշեանից եկող նշանառութեամբ, կամ` ինչպէս Վահան Թէքէեանն էր սրբագրում` «գաղտնի պարտէզը», ուր հասունանում է բառը` մտածողութեան ամէնէն նախնական ու ամէնէն խորունկ շերտը:
Մեզ միշտ գրաւել է գիտական նիւթի մատուցման, ասել է թէ` բառի ու մտքի` դէպի գիտական բնագիր մուտքի թեթեւասահ եղանակը, որն այս գրքում կիրառում է Լ. Շառոյեանը: Դա հնուց այդպէս է եղել մեզանում եւ ենթադրում է խորը յարգանք դէպի ընթերցողը, որի գրական նախաճաշակը յղկելիս պիտի հոգաս «կարծր» կամ կիսով չափ անծանօթ գաղափարների ընթերցողական իւրացման ինչ-որ տեղ անհրաժեշտ թեթեւ անցումը:
Հէնց այդպէս է Լ. Շառոյեանը սկսել գրապատմական իր երրորդ «դեգերումը»` երեւելի Յակոբների ճանաչողական սահմանագլխից` ասորի Մծբնացուց մինչեւ լեզուաբան Տիլաչար-Մարթայեանը: Այդ ճանապարհին է, որ նա ոգեկոչում է «Յակոբասկիզբ» հսկաներին, իսկ եթէ նրանք օտարներ են, հասցնում է ընթերցողին յուշել մեր ազգային խոնարհումի յուշարձանների մասին` երեւան հանելով գրագէտի ծովածաւալ ճանաչողութիւնը, վկայակոչելով հէնց Մծբնացու հանդէպ Գրիգոր Նարեկացու եւ Ներսէս Շնորհալու գեղարուեստական ուշագրաւ արձագանգները` ներբող եւ շարական:
Մինչդեռ, չմոռանանք, Լ. Շառոյեանի համար հալէպեան պատուհանից այն կողմ 2013-ի` նման յիշողութեան առումով անբարենպաստ ձմեռնամուտն է` Ս. Յակոբի անուանակոչութեան առիթով, հապճեպ, բայց, ընդունենք, անվրէպ ընտրուած: Ի դէպ, Ռ. Հատտէճեանը յիշում էր դեռ անցեալ դարի 60-ական թթ. Յ. Մարթայեանի խնամքով կազմած, ափի մեծութեան ձեռագիր գրքոյկը, ուր ամէն էջից բխում էր Յակոբ անունը` աշխարհի տարբեր լեզուների գիրերով, իւրատեսակ «Յակոբապատում», որի տրամաբանական հանգրուան-բարձրակէտը դարձաւ Լեւոն Շառոյեանի թէեւ հպանցիկ, բայց խորքային ուսումնասիրութիւնը:
Նշանակում է` գրքի բաղադրիչ նիւթերի համամասն ընտրութիւնը եւ յօդուածաշարի շարադրումը նաեւ ժամանակի հեւքի հետեւանքն է, քանի որ պատերազմական պայմանները թոյլ չեն տալիս բանասիրական եւ գրականագիտական տեւական ու լայնածաւալ պրպտումի: Սա է խօսքի կառուցման «թեթեւասահ» եղանակը, ընտրութիւն, ուր այնքան նուիրական խորքեր է պահում գրքի հեղինակը: Եւ առաջին հերթին նիւթն է, որ կտրում է Լ. Շառոյեանին Հալէպի պայթիւնների եւ կրակահերթերի առօրեայից ու ստիպում, որ զուգադիպութեան պայմանի տակ ընտրուած փորձարարական հարցադրումը ստանայ, այնուհանդերձ, գիտակա՛ն հանդերձ, այսինքն պահանջում է նոյն պահին «թեթեւասահ» թուացող վերաբերմունքից անցում կատարել դէպի որոշակի գիտական շահագրգռութիւն:
Եւ հէնց միայն Յակոբների հայ գրամշակութային անուանական տողանցքն ամէն ինչ արժէ, երբ պատմութիւնը եւ գրականութիւնը վերացարկւում է անունների ներքին, թէկուզ ձեւային տրամաբանութեան միասնութեամբ: Խնդրե՛մ, ահա, Յակոբների շուրջ իր բերած թուարկումներից մի փունջ. զորօրինակ` Յակոբ Դ. Ջուղայեցի կաթողիկոսից է նա սկսում անուանաշարը` դիմելով 17-րդ դարի հոգեւոր պատմութեան ծալքերին, մէկը, որը հոգեւոր բարձրագոյն գործիչ էր, որը դէպի Եւրոպա ճամբորդութեան շրջանում վախճանուեց ու թաղուեց Պոլսում:
Թւում է` էլ շատ բան պէտք չէ մատնանշել: Դա արդէն բաւական է, որ ընթերցողը, շրջանցելով կաթողիկոսութեան շուրջառի պարագան, գնայ աւելի հեռուն` ներքին ճամբայ գծելով դէպի մարդը` կաթողիկոսից «անդին»: Լ. Շառոյեանի մօտ արագընթաց իրար են յաջորդում տառապանքը ցմրուր կրած այլեւայլ Յակոբներ, որոնց մէջ առաջիններից` Նալեան պատրիարք հայրը (18-րդ դար), որ աւանդոյթ ու հայեացք փոխեց Պոլսում: Ճանաչողութեան ի՜նչ նոր դարպասներ վերակազմեցին 19-20-րդ դարերի հատուածակողմերի հմուտ անհատականութիւնները` անմրցելի գրաբարագէտ Յակոբ Գուրգէնը, դասական ռոմանտիզմի հայր Րաֆֆին, ութսունականների իրապաշտութեան հսկան` մեզանում երգիծանքի բարձրակէտը չզիջած Պարոնեանը, նատուրալիստական ներքնատեսութեան սահմաններ բացած Մնձուրին, որը կեանքի վերջին տարիներին անգամ մերժում էր քաղաքակրթութեան հասցէները, հարիւրամեակ հատած, դար ու դարադարձ տարեգրութիւն շալկած Ասատուրեանը, օտարի եւ ազգայինի փիլիսոփայական էկզիստենցիալ խորքերում «մոլորուած» Կարապենցը, գիտական մտքի տիտաններ Մանանդեանն ու Անասեանը, հանրագիտակ դէմքեր, ազգային բարքագրութեան ակունքներում կանգնած Սիրունին եւ Օշականը, գեղանկարչութեան մէջ փառահեղ ածուներ բացած Կոջոյեանն ու Յակոբեանը, եւ այսպէս` շարունակ:
Ընդ որում Լ. Շառոյեանի գրչի տակ նրանք, թւում է, թէ միայն մտաւորական առաջնային անուններ են, իրականում ազգային մշակոյթը փառքի ճանապարհի հասցրած ուժերն են, մեր հոգեւոր աշխարհի բերդապահ զինուորները: Գրագէտը անունն է հասցնում տալ, խորունկ քննութեան դռները բացելու իրաւունքն ու երջանկութիւնը այլեւս ու մէկընդմիշտ` ընթերցողինն է:
Այնուհանդերձ, դիմանկարի ճանաչողութեան թեթեւասահ, բայց վերլուծական քննական ընդունելի եղանակի մի նախաճաշակ Լեւոն Շառոյեանը ընթերցողին մատուցում է գիտական նկարագրի դասական ոճաւորումով: Խօսքը վերաբերում է Յակոբներից «վերջինին»` Յակոբ Մարթայեանին, որին, յընթացս, արդէն 2014-ին, դիմում է խոշոր գիտնականի մահուան իւրատեսակ յոբելեանի առիթով նաեւ: Այս առումով ընդգծենք, որ այն դուրս է սահում «դեգերումի» խորհրդից ու վերաճում ուխտագնացութեան դէպի հայ լեզուի, հայ մշակոյթի ակունքները:
Պոլսահայ երկու խոշոր գիտնականներ են կանգնած ազգային լեզուամշակութային մտքի խորքերում` Աճառեանն ու Մարթայեանը, երկու խոշոր տառապեալներ: Լեւոն Շառոյեանը փորձում է կառուցել վերջինիս գիտական մեծութեան հիմնաքարը, հրաւէր կարդալ բոլոր նրանց, ովքեր յանդգնում են զօրավիգ լինել մշակոյթի հզօր պատին երկրորդ հիմնասիւն հաստատելու ջանքին: Հր. Աճառեանի պէս նա էլ բացառիկ էր ու անկրկնելի. Սոֆիայում թէ աւելի ուշ Անգարայում հռչակուած էր արեւելեան եւ հնդեւրոպական «ապրող ու շնչող» լեզուների, օսմաներէնի, ինչու չէ, մեռած լեզուների` հիթիթերէնի, ուրարտական լեզուական ատաղձի, պահլաւերէնի, լատիներէնի խորագիտակ: Այդ պատճառով 1932-ից նրան կարգում են թուրքերէնի նորոգութեան գլուխ` ճշդելու եւ ղեկավարելու «երկրի լեզուական նոր քաղաքականութեան մայր գիծերը»: Իսկ անցեալ դարի 40-ական թթ. առաջին կէսից շուրջ 30 տարի նա գլխաւորել է թուրքական հանրագիտարանի կազմումի եւ հրատարակութեան ծանր աշխատանքները:
Յիրաւի՛, ինչ էլ լինէր, մայրենի բարբառը գերիվեր էր գիտնականի առջեւ. դեռ 1931-ին Սոֆիայում եղած ժամանակ Թարգմանչաց տօնի առթիւ նա հպարտանում էր հայ գրականութեան մրցակցային ուժով, «համայն աշխարհի գրական գլուխգործոցներուն հետ» նրա յաղթական խրոխտ կեցուածքի առարկայացումով, երբ աշխարհի «լիութիւնը կը նսեմանայ իմ առջեւ, ինչպէս նսեմացած է ան այն ասպետին աչքին, որ դառն սուսերամարտէ մը վերջ… դէպի արքայական օթեակը յառաջացաւ իր արժանեաց բրաբիոն իշխանուհիին տիրանալու համար: Հայ քերթողին մէն մի հզօր երկը փառապսակ մ՛է ճակտիդ հիւսուած, փառաւո՜ր մայրի՛կ: Մէն մի խժաբանութիւն կամ կորճաբանութիւն ալ` դաշոյնի հարուած մ՛է սրտիդ տրուած, վիրաւո՜ր մայրի՛կ»:
Բանաստեղծական հայկական ամէնից քնարաշունչ արձակի նուաճումների խորհրդանիշների մէջ, որոնց հպարտութեան տիրական թելադրանքն ապրում էին Յ. Մարթայեանը, Ռ. Հատտէճեանը եւ Լ. Շառոյեանը, առանձնանում էր Վազգէն Շուշանեանը: Նրա մահուան 75-ամեակին նուիրուած «Շուշանեանի հետ` սիրոյ եւ մեղքի պարտէզներուն մէջ» յօդուածում, որը «Դեգերումներ…»-ի առանցքային հատուածներից է, հալէպահայ գրագէտն ընդգծում է դրական աշխուժ, «իրարու ետեւէ» տեղաշարժը, որը նկատում է անցեալ դարավերջից դէպի այս դարասկիզբ Վ. Շուշանեանի երկերի հրատարակութեան հայաստանեան շուկայում` մասնաւորելով խօսքը հայրենի` յարաբերականօրէն «նորահաս սերունդի» բնագրային հրատարակութիւններից բխող վերլուծման ու արժեւորման փորձը («Ներքին բնանկար»(1), «Օրագիր», «Քրոնիկոն քնարական», «Խառնիխուռն»(2), «Ընտրանի»(3):
Լեւոն Շառոյեանը իր դիտարկումներում հաստատում է Վազգէն Շուշանեանի` ինքնակենսագրական ելագծով բացուած վէպերի ու վիպակների ժողովրդի հաւաքական ճակատագրի բանաձեւերի գրական ճանապարհները` իբրեւ յոյզի, ոգու ազատութեան յարատեւ փնտռտուք, իբրեւ Հայաստանի ընտրութեան պատասխանատուութիւն, իբրեւ Մշակութային Հայաստանի համապատկեր: Յօդուածի վերջին մասում հալէպահայ գրագէտը բացում է, ինչպէս արդէն նշել էինք, Վ. Շուշանեանի մահուան, թաղման եւ գերեզմանի հետ յայտնի ու անյայտ արկածախնդրութիւնները, տալիս անուններ ու բնութագիր, յանգում տխուր ու անվերջակէտ հետեւութիւնների, որոնցից գլխաւորը, թերեւս, նիւթական հայրենիքին, այս պարագային` Հալէպին անմնացորդ նուիրումն է:
Ինչի մասին էլ որ խօսում է Շառոյեանը այս գրքում, «դեգերումի» խորհրդանիշը դառնում է նպատակ եւ միտում. դա կարելի է որսալ նաեւ Կարօ Փօլատեանի զրոյցներում, ինչի առիթով առաջադրում է, օրինակ, «զրուցագիր» բառեզրը ճիշդ այնպէս, ինչպէս ունենք վիպագիր, թատերագիր արտայայտութիւնները:
Գնահատումների մեր այս փորձի մէջ, գումարելիների շարքին պէտք է դիտել Լ. Շառոյեանի հիւթեղ, գրաւչական լեզուն, որն իր ետեւից տանում է ընթերցողի թրթիռն ու երեւակայութիւնը, սպասման ու փաստի յայտնութեան բերկրանքը:
Մնում է յուսալ, որ «դեգերումների» առանցքը պատմութեան ու մշակոյթի թելադրանքով պիտի վերադառնայ Լեւոն Շառոյեանի ծննդավայրի` երազային Հալէպի վերյառնումին, որի փափաքը ապրել է Վազգէն Շուշանեանը, ապրում են ու վերապրում Լեւոն Շառոյեանն ու իր նմանները, որոնց շնորհիւ է, որ արիւնաթոր այս քաղաքում ազգային շնչառութիւնը մնում է «դեգերումների» բարձրադիր մակարդակ:
Հետեւութիւնը մէկն է ու առաւել քան ընդհանրական, ասել է թէ` դուրս այս գրքից քաղած մեկուսի գնահատականից. հայ գիրքը շարունակում է ազգափրկիչ իր ճանապարհը Հալէպի նեղլիկ արիւնատար ճանապարհներով:
Սիրելի՛ Լեւոն, նկատեցի՞ր, որ այս «դեգերումներիդ» ընթացքին մախաղդ ծանրաշունչ էր, սիրտդ` լերդացած, բայց երազդ ու յոյսդ մէկ տրոփով էին բացւում ընթերցողիդ: Եւ նաեւ սրա համար` սրտանց շնորհաւորանքներ մեզ բոլորիս:
12 յունիս – 9 յուլիս 2016